ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«ՀԱԿ դաշինքը հնարավոր չէ վերացնել»

«ՀԱԿ դաշինքը  հնարավոր չէ վերացնել»
12.02.2013 | 00:22

Այսպիսով, ՀԱԿ դաշինքը, որպես այդպիսին, վերանում է, ստեղծվում է համանուն կուսակցություն: Ի՞նչ են անելու այն կուսակցությունները, որոնք կոնգրեսի կազմում էին: Մեր զրուցակից, ՀԱԿ խմբակցության անդամ և ՍԴՀԿ ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ կուսակցություն ստեղծելու մտադրության մասին իրենք վաղուց գիտեին:


-Սա միակ ճանապարհն է, որով կարելի է առկա խնդիրները լուծել,- շարունակեց տիկին Սարգսյանը:- Չնայած սա նաև որոշակի խնդիրներ է ստեղծում այն կուսակցությունների համար, որոնք չեն ցանկանում լուծարվել ու միանալ նորաստեղծ կուսակցությանը: Բայց ամեն մեկը պիտի կարողանա ինքնուրույն կողմնորոշվել, քանի որ քաղաքական ուժերը հավերժ իրար հետ չեն կարող լինել: Սակայն, եթե ՀԱԿ-ն ավելի արդյունավետ աշխատանքի համար է կուսակցություն դառնում, ու կան կոնկրետ նպատակներ, որոնց շուրջ հինգ տարի պայքարել ենք, կարող ենք կրկին միմյանց հետ ակտիվ համագործակցել: Ի վերջո, եթե այդ կուսակցությունը ղեկավարելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, մեր հարգանքն ու ակնածանքը նրա հանդեպ չեն պակասել: Ամեն դեպքում պիտի կարողանանք ինչ-որ ձևաչափ գտնել ու դրա շրջանակներում համագործակցել:
-Փաստե՞նք, որ ՀԱԿ դաշինք այլևս գոյություն չունի:
-Դա դեռ քննարկված չէ: Կարծում եմ` ՀԱԿ դաշինքն ամեն դեպքում հնարավոր չէ վերացնել, որովհետև ԱԺ խմբակցությունը ՀԱԿ դաշինքի վրա է ձևավորված, ու կամա-ակամա դաշինք գոյություն ունի: Պարզապես պիտի հստակեցվի` դեյուրե դաշի՞նք է, թե՞ դեֆակտո համագործակցություն կա:
-Հետագայում հնարավո՞ր է, որ ՍԴՀԿ-ն լուծարվի ու միանա նոր կուսակցությանը:
-Մեր դեպքում լուծարվելը բացառվում է: Մեզ նույնիսկ նման բան չեն առաջարկում` շատ լավ հասկանալով, որ 126-ամյա կուսակցություն ենք ու պատասխանատվություն ենք կրում նրա պատմության նկատմամբ: Այսօր մեր խնդիրը մեկն է` դատարանում հասնել արդար վճռի, որից հետո մենք ձևաչափ կգտնենք համագործակցության:
-Նոր կուսակցության մասին Ձեզ ի՞նչ է հայտնի:
-Դա քաղաքական ուժերի և անհատների միջև պայմանագիր է, որոնք այդ կուսակցության մեջ են մտնում: Իհարկե, այս ուժը կարող է որոշակի անհարմարություններ ստեղծել այնքան ժամանակ, քանի դեռ մենք նոր ձևաչափ չենք ստեղծել:
-Ի՞նչ ձևաչափով կցանկանայիք համագործակցել:
-Նոր դաշինքով: Այն ուժերը, որոնք լուրջ հակասությունների մեջ չեն ՀԱԿ-ի հետ, կարող են արդյունավետ համագործակցել նոր ձևաչափով: Ես կգերադասեի, որ ՀԱԿ կուսակցության հետ միայն այդ ուժերը համագործակցեին, իհարկե, հստակեցնելով բոլորի գործառույթները, իրավունքները:
-Ժամանակին, երբ կոնգրեսի կազմում հայտնվեցիք, այսպիսի «վերջաբան» կարո՞ղ էիք պատկերացնել:
-Երբ դուրս եկանք պայքարի, մեր նպատակը երկրում սահմանադրական կարգի վերականգնումն էր, ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորումը: Հետո նպատակները ավելացան:
-Սակայն նպատակները չիրականացան, իսկ կոնգրեսն էլ փլուզվեց:
-Ես այդպես չէի ասի, որովհետև, ճիշտ է, արդյունքներ դեյուրե չենք գրանցել, բայց փաստացի ՀԱԿ-ը շատ լուրջ դերակատարություն ունեցավ քաղաքական դաշտի հստակեցման գործում: Այսօր, եթե կան տարբեր շարժումներ, որոնք հանգիստ գործունեություն են ծավալում, դա նաև ՀԱԿ-ի ձեռքբերումն է, որը մեկ քայլ չընկրկեց: Կարծում եմ` Հայաստանի նորագույն պատմության մեջ չի եղել մի քաղաքական ուժ, որը հինգ-վեց տարի նման միասնականությամբ և արդյունավետ պայքար ծավալի: Վերջին շրջանում, իհարկե, որոշակի անհամաձայնություններ առաջացան, որը բխում էր այն հանգամանքից, որ արդեն առկա էին քաղաքական զարգացումների վերաբերյալ տարբեր մոտեցումներ: Էլ չասեմ, որ իշխանություններն այս տարիներին համառ պայքար տարան, որպեսզի ՀԱԿ-ը թուլացնեն ու պառակտեն: Եվ որոշ չափով դա նրանց հաջողվեց:
-Հաշվի առնելով ՀԱԿ-ի փորձը, նոր դաշինքի դեպքում ի՞նչն իսպառ կբացառեիք:
-Նոր կուսակցությունը «մաքուր» լիբերալ կուսակցություն չէ, այնտեղ հաշվի են առնված բոլոր այն ուղղությունները, որոնք բավարարում են քաղաքական ուժերին, ովքեր կցանկանան նրա հետ համագործակցել: Այսինքն, գաղափարական առումով մեծ հակասություններ չեն լինի: Կցանկանայի` ովքեր մտնելու են այդ դաշինքի մեջ, նույն նպատակի շուրջ մինչև վերջ պայքարեն: Այս անգամ կարողանանք մեր ժողովրդին հույս տալ, որ կա մի քաղաքական ուժ, որը չի նահանջելու:
-Ժողովուրդը կհավատա՞:
-Դա մեզնից է կախված, նաև` ժողովրդի բարոյահոգեբանական վիճակից։ Մարդիկ պիտի հասկանան, որ ամեն ինչ իրենցից է կախված:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ